Գազահամակարգի աշխատակցի օրվա նախօրեին գազաֆիկացվեց Ուխտաձոր համայնքը
Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է, որպես գազահամակարգի աշխատակցի մասնագիտական տոն։ Այսօր սեպտեմբերի 4-ին՝ տոնի նախօրեին, <<Արցախգազ>> ՓԲ ընկերությունը ձեռնամուխ եղավ ավարտին հասցնել, բարերարի ֆինանսավորմամբ, արցախյան ևս մեկ համայնքի գազաֆիկացման աշխատանքներ։ Երկնագույն կրակը մուտք գործեց Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնք։ Այսուհետ մայրաքաղաքից հեռու այս գողտրիկ գյուղի բնակիչները ևս կվայելեն բնական գազով մեկ գավաթ սուրճ եփելու հաճույքը։
Ուխտաձոր համայնքի գազաֆիկացումից հետո նախատեսված է 2021 թվականի առաջին եռամսյակում ավարտին հասցնել Հադրութի շրջանի Ակնաղբյուր համայնքի գազաֆիկացումը։ Միջին և ցածր ճնշման մետաղական խողովակաշարերի անցկացման աշխատանքները 90 տոկոսով արդեն իսկ ավարտին են հասցվել։
<<Արցախգազ>> ՓԲԸ տնօրինությունը ի դեմս գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի շնորհավորում է Ընկերության բոլոր աշխատակիցներին և Արցախի գազահամակարգի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում խաղաղություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ: